Բադալյան եղբայրներ
Ընկերության մասին
Սա պատմություն չէ սովորական վիճակների ու հանկարծահաս, պատահական հաջողությունների մասին, սա պատմություն է փորձությունների բովում կոփած կյանքի, այն հաջողության վերածած ու հրաշքը սեփական ձեռքերով կերտած մարդկանց մասին։ Սա պատմություն է փոքրիկ քաղաքի բարեխիղճ, կյանքեր փրկած, հազարների բուժած, հարգված ու հմուտ բժշկի մասին, որի բարի համբավը դարձավ նրա որդիների արժանապատիվ կյանքի հիմքը, օգնեց կայանալ ու սերնդեսերունդ փոխանցել ձևավորված մի արժեհամակարգ, ուր պատիվը գլխավոր դերակատարն է հավասարապես գործընկերների ու աշխատակիցների հետ հարաբերություններում, ինչն աներկբա վստահություն է ներշնչում նրանց հանդեպ։
«Բադալյան եղբայրներ»․ պատմություն ընտանեկան բիզնեսի մասին, որի ակունքները սկսվում են Հայաստանի Հանրապետության անկախացման շրջանից և ձգվում նրա պատմության հետ՝ պետության վայրէջքներին ու վերելքներին համընթաց։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ամենուր տիրում է քաոս ու անորոշություն, խառնաշփոթ ու բախումներ․ «Խորհրդային Միություն» կոչվող հսկա կայսրությունը, որի կազմում նաև Հայաստանն էր, փլուզվում էր, և մեր երկիրն ու ժողովուրդը, մխրճված լինելով տնտեսական կոլապսի, ազգամիջյան հակամարտությունների, ներքին ու արտաքին խնդիրների մեջ, պետք է ոտքի կանգներ, ավելի ճիշտ՝ սկսեր ինքնուրույն քայլել միջազգային հարթակում իր տեղի ու դերի ամրացման համար։
Հենց այդ ժամանակ՝ 20-րդ դարի 90-ականներին, մեր հայրենիքի շրջաններից մեկում՝ Թալինի տարածքում, աշխատում էր համընդհանուր հարգանք ու սեր վայելող բժիշկը՝ դոկտոր Ռոմիկ Բադալյանը։ Նա իր անխոնջ աշխատանքով դարձել էր տարածաշրջանի կենդանի լեգենդը, այնքան որ բարձր հեղինակություն էր վայելում։ Ռոմիկ Բադալյանի հանդեպ մարդկանց յուրահատուկ ակնածանքը ձևավորվել էր նրա՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ ապրելու շնորհիվ։ Բազմաթիվ կյանքեր է փրկել եւ հազարավորների բուժել բնույթով համեստ, յուրաքանչյուրին հասանելի, իր կյանքից առավել այլոց առողջության համար հոգ տանող բժիշկը։
Նրա թիկունքը պաշտպանել ու ընտանիքի տղամարդկանց ոգեշնչել է հոգատար, գեղեցիկ, նրբանկատ ու բանիմաց կինը՝ Անահիտ Բադալյանը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, իր հերթին, տաղանդավոր մանկավարժ է։ Ամուսնու հետ անցել է նրա ճանապարհը, կիսել կյանքի դառնություններն ու բերկրանքը, դաստիարակել երկրին պիտանի զավակներ, սերմանել ընտանեկան արժեքներ։ Տիեզերական իմաստնությամբ օժտված այս կինն իր սիրով ու նվիրվածությամբ համախմբել է բոլորին։
Բժշկի տղան
Բժշկի ավագ որդին՝ Վահեն, դեռ պատանի հասակից տեսնում էր, որ հայրը, իր անձնուրաց աշխատանքին զուգահեռ, բախվում է բյուրոկրատական տարատեսակ քաշքշուկների, որոնք արհեստական խոչընդոտներ էին ստեղծում ու դառնացնում նրա կյանքը։
Վահե Բադալյանը, որի կոնստրուկտիվ մտածելակերպն ու որոշումներ կայացնելու վճռականությունը դառնալու էին ընտանեկան մեծ բիզնեսի հիմքը, բնատուր խորաթափանցությամբ զգում էր, որ գործարարությունն է տնտեսության խթանը, պետք է հիմնել սեփական գործը։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Բժշկական համալսարան, որպեսզի ստոմատոլոգ դառնալով զերծ մնա տարատեսակ ղեկավարների հրահանգներից, գործի ինքնուրույն, որևէ մեկի ենթական չլինի։ Վահեն ընտրում է ստոմատոլոգի մասնագիտությունը, քանի որ այն ժամանակ միայն այդ գործով զբաղվողներն իրավունք ունեին անկախ, անհատական գործունեություն ծավալել։
Տանը նա միշտ լսում էր, որ հորական պապը հաջողակ բիզնեսմեն է եղել Ցարական Ռուսաստանի օրոք, ապրել է Հաղարծին գյուղում՝ Հաղարծնի վանքի մոտ։ Բոլշևիկները, սակայն, կուլակաթափ են արել։
Գործարար դառնալու նրա որոշման վրա ճակատագրական ազդեցություն են ունենում նաև մոր խորհրդով կարդացած գրքերից երկուսը․ Մոր Յոկայիի «Ոսկի մարդը» և Պոլ Վիալարի «Մեռնելու ժամանակ էլ չկա» ստեղծագործությունները։
1989-ից սկսում է զբաղվել գործարարությամբ։
Գործարարի հոտառության և կարծրատիպի բախումը
1990-ին գրանցում են առաջին իրավաբանական անձը՝ «Կաթողիկե» արտադրական կոոպերատիվը։ «Կաթողիկե» անունը Թալինի՝ 7-րդ դարում կառուցված եկեղեցու անունն է։
Ինձ դուր էր գալիս այդ եկեղեցին, մեր տունը հենց եկեղեցու մոտ էր, խաղում էինք այնտեղ։ Այն ժամանակ չգործող էր, հետո մենք վերանորոգեցինք։ Հայրս շատ դեմ էր մեր գործարարությանը, ասում էր՝ ամոթ է։ Խորհրդային Միության օրոք վատ վերաբերմունք կար գործարարության նկատմամբ, հատկապես առևտրային գործունեությունը պարկեշտ չէր համարվում, բայց աշխատում էի ամբողջ կյանքը բժշկությանը նվիրած հորս գործով ապացուցել հակառակը։
ԽՍՀՄ-ը քանդվելուց հետո՝ 1990-ին, հող և վարկ էին տալիս կոոպերատիվներին։ Թալինի մայրուղու վրա՝ 6,5 հեկտար հողատարածքում Բադալյանները փորձում են այգի հիմնել։ Սկսվում է տարբեր ձեռնարկատիրական գաղափարների իրականացումը, որոնցից որոշները հաջողվում են, որոշները՝ ոչ, բայց արդեն իսկ տրվում է մեծ, մնայուն գործի մեկնարկը։
Վճռական և ռիսկային քայլը՝ բենզինի գործը
1992-ի հոկտեմբերի 10-ին Բադալյանները՝ Վահե Բադալյանի նախաձեռնությամբ, բացում են առաջին բենզալցակայանը։ Թալինի խաչմերուկում, որտեղ վաճառում էին բենզին, կառուցում են երկհարկանի շենք, որպեսզի կից գործեն նաև ռեստորան ու խաղասրահ, սակայն չի ստացվում դրանք բացել, միջոցները սպառվում են։ Անհրաժեշտ է լինում վարկեր վերցնել, զարգացնել բենզինի գործը, որը գնում էին Ռուսաստանից և Վրաստանից։
Կարճ ժամանակ անց Բադալյանները որոշում են ոչ թե վերավաճառել երկրորդ ձեռքից գնած ապրանքը, այլ անձամբ ներկրել Ռուսաստանից։ Եվ սկսվում է դժվար, բազմապիսի վտանգներով լի գործունեությունը։ Հետխորհրդային տարածքներում այդ ժամանակ խառը, անվերահսկելի իրավիճակներ էին։ Երկրում թափառում էին զինված հանցագործ խմբեր, ազգամիջյան թշնամանքը բախումներ էր առաջացնում նաև ներքին կյանքում, անհետ կորում էին մարդիկ, մեծաքանակ ապրանք, մեքենաներ․ անպատժելիության մթնոլորտը նոր առևանգումների ու ապօրինությունների տեղիք էր տալիս։
Շատ անհանգիստ էի, երբ երկար ճանապարհ էին գնում։ Գիշերները չէի քնում, լացում էի։ Հաճախ, երբ լսում էի մեր տան մոտով անցնող բեռնատարի ձայն, իջնում էի վազելով, գնում վարորդներին հարցնում՝ իմ ամուսինը, տղաս բենզին են բերում, խնդրում եմ ասեք, տեսե՞լ եք նրանց, փորձանքի հո չեն եկե՞լ հանկարծ։ Ասում էին՝ ոչ, քույր ջան, տեսել ենք, հանգիստ գալիս են։ Կարող է տեսած չէին լինում էլ, բայց այդպես էին ասում, որ չտանջվեմ։ Կոտորվում էի, մինչև տեղ էին հասնում։
Ահա, այդ պայմաններում Բադալյան եղբայրները Հայաստանում բենզինի առաջին մատակարարը դարձան։ Նրանք ապահովում էին վառելիք ազգաբնակչության համար, և իրենց բենզալցակայանների շուրջօրյա աշխատանքում ներդրված էին չորս սկզբունքներ․ վաճառելիս լիտրի մեջ ոչ ոքի չխաբել, բենզինին չխառնել ոչ մի վատորակ նյութ, ապահովել շուրջօրյա բենզին և դիզվառելիք, արժեքն արհեստական չբարձրացնել, ավելին, շուկայականից մի փոքր ցածր գնով վաճառել։
Բենզինի վաճառքից գերշահույթը Բադալյանները ստացան 1993-ին՝ Ռուսաստանում վառելիքի գներն ազատականացնելուց հետո։ Նրանց հաջողվեց բացել երկրորդ բենզալցակայանը՝ Արմավիր-Գյումրի մայրուղու վրա, ապա երրորդը՝ Աշտարակի խճուղում։ Ազատ շուկան ցուցադրեց իր առավելությունները։
Բժշկի կապերն ու հեղինակությունը՝ բարի համբավի ու վստահության գրավական
Գործերով զբաղվում էինք ես ու եղբայրս՝ Վիգենը, սակայն մեզ շատ օգնել է հորս հեղինակությունը։ Նրա կապերի շնորհիվ մենք շահավետ գործարքներ ենք կնքել։ Բիզնեսը սկսելիս մեծ նշանակություն է ունեցել նրա հանդեպ մարդկանց հարգանքը։ Մեզ վստահել են։
Աշխարհընկալման ու բիզնեսի ընդլայնում
Մեծ բիզնեսի հիմքը դնելով, Վահե Բադալյանը չի սահմանափակվում սոսկ մեկ ոլորտով, ձգտում է դիվերսիֆիկացնել այն։ Մեկնում է Արաբական Էմիրություններ, ուսումնասիրում այնտեղի գործարար միջավայրը։ Նրան հետաքրքրում է այն ժամանակներում Հայաստանում դեռևս ոչ շատ տարածված էլեկտրոնիկայի բիզնեսը։ Տեխնիկական առաջընթացն անխուսափելիորեն գրավելու էր աշխարհը՝ ներառելով նաև մեր երկիրը, բայց այդ ամբողջ ընթացքում Վահե Բադալյանը մտածում էր սեփական բանկը ստեղծելու մասին։
Բանկ ունենալու գաղափարը շատ վաղուց է եղել, սակայն տարբեր պատճառներով՝ կախված նախնական գումարից, թղթաբանությունից, հետաձգվել է։ Այդուհանդերձ, 1994-ի ապրիլի 1-ին Երևանում՝ Աբովյան 37 հասցեում, որտեղ հիմա «Ֆաստ» բանկի մասնաճյուղն է, բացում են գրասենյակ և հիմնում երեք բիզնես՝ գրավատուն, դրամի փոխանակում և ոսկերչական խանութ։ Եվ դարձյալ՝ հաճախորդին չխաբելու, խաղի արդար կանոններ սահմանելու սկզբունքները չդավաճանելու գործելաոճը դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է գրանցում։
«Հին օրերի շոկոլադի համը»
Վիգեն և Վահե Բադալյանները ստեղծել են նաև շոկոլադի ներկրման բիզնես։ Գրավատունը գործարկելուց հետո Կորյունի փողոցում շոկոլադների հայտնի գործարանների ներկայացուցչական խանութ են բացել՝ մեծածախ վաճառքով։ Այն ժամանակ տեղական արտադրություն չկար դեռևս, և այդ խանութ հաճախորդներն այցելում էին վստահ, որ գնում են իրական, կեղծումներից զերծ ապրանք։ Հետխորհրդային տնտեսական արհավիրքներն իր վրա կրող, շրջափակման մեջ գտնվող, ռազմական գործողություններից նոր-նոր ուշքի եկող Հայաստանում այն «քաղցր» վայր էր, որտեղ մատչելի գների ու բարձր որակի շնորհիվ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ զգալու իրական շոկոլադի համը, երեխաների համար գնել անվտանգ ապրանք։ Հետագայում խանութը փակվել է անբարեխիղճ տնտեսվարողների՝ անարդար մրցակցային պայմաններ ստեղծելու հետևանքով։
Գործարար միտքը դրանից, սակայն, չի ընկրկել։ Բադալյանների հաջողված բիզնեսներից է եղել նաև կոշիկի արտադրությունը 2000-ականներին, որի արտադրանքը հաջողությամբ իրացվել է արտասահմանում։ Այնուհետև, ժամանակի պահանջների թելադրանքով, վերափոխվել ու վերագործարկվել են Բադալյանների՝ արդեն հաստատուն ընթացք ունեցող բիզնես ծրագրերը։
Մշտապես «համեղ» ու հյուրընկալ «Կովկաս» պանդոկը
Երևանի՝ նախկին Ալավերդյան, ներկայում՝ Հանրապետության փողոցում Վահե Բադալյանի առաջարկով 1996-ին Բադալյանների ընտանիքը գնում է այժմյան «Կովկաս» պանդոկի տարածքը։ 2003-ի մարտի 26-ին բացվում է պանդոկը։ Մայրաքաղաքն ինքը, ընտանեկան այս բիզնեսի նման, զարգացման փուլում էր, և կենտրոնական մասում ռեստորաններ առանձնապես չկային։
Առ այսօր մեր քաղաքի կենտրոնին համ ու հոտ, կոլորիտ է հաղորդում «Կովկասը»։ Իր անզուգական ուտեստով, կովկասյան խոհանոցի բազմազանությամբ, ուշագրավ էթնիկ երաժշտությամբ, չհոգնեցնող ինտերիերով ու բազմազգ հաճախորդներով այն մշտապես զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրության կենտրոնում է։
Գործակցել ենք՝ միշտ մեծին լսելով։ Այդ հիերարխիան աշխատել է մեր ընտանիքում, և անպայման կոնֆլիկտի մեջ ծնվել է ճշմարտությունը։ Ամեն ինչ պատահել է բիզնեսում՝ և՛ առաջխաղացում, և՛ խնդիրներ, և՛ նորից սկսել։ Այնպես որ՝ շատ նորմալ պրոցեսներ են։ Ամեն ինչի մեջ եղել է սկզբունք, որը դրված են եղել հորս՝ Ռոմիկ Բադալյանի ու եղբորս՝ Վահեի կողմից։ Դա եղել է ազնվության սկզբունքը։
«Վիվառո»
«Կովկաս» պանդոկի բացմանը զուգահեռ, Վահե Բադալյանը մտածում է սպորտբար-գարեջրատուն հիմնելու մասին, ուր սպորտային խաղեր դիտելուն զուգահեռ հնարավոր կլիներ նաև խաղադրույքներ անել։ Այդ տարիներին Երևանում միակ բուքմեյքերական ընկերությունը Եվրոֆուտբոլն էր։ Սկզբում ցանկանում են դիստրիբյուտոր լինել, սակայն թույլտվություն չեն ստանում։ Դա խթան է հանդիսանում սեփական բուքմեյքերական ընկերությունը բացելու համար։
2003-ին ստանում են գործունեության լիցենզիա, և սկսում ծրագրավորման մասնագետների հրավիրել, համակարգչային ծրագրեր գրել, վերապատրաստել աշխատողներին և աստիճանաբար մաս կազմել «մեծ խաղին»։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մեջ ևս Բադալյաններն առաջիններից էին երկրում։ Ադմինիստրատիվ մասը վարել է Վահե Բադալյանը, գործառնականը՝ Վիգեն Բադալյանը։
Մեր ընկերությունը միավորում է մարդու մեջ կյանքի բնածին կառավարումը որպես խաղ՝ տրամաբանությունը, հոգին ու կապվածությունը հայրենի հողին․ մի նախադասությամբ՝ այսպես է բնութագրվում այդ կյանքը։
«Ֆաստ»
Բադալյանների բիզնես ծրագրերը չեն սահմանափակվել այդքանով։ Ֆինանսական աշխարհը նոր մարտահրավերներ էր առաջ քաշում։ 2004-ին գրավատունն անվանում են «Ֆաստ կրեդիտ»։ Վահե Բադալյանի առաջարկով 2011-ին այն դառնում է «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպություն, որի հիման վրա էլ ստեղծվում է «Ֆաստ» բանկը։
Մոտ 3 տասնամյակ սպասված բանկը
2022-ին, երեք տասնամյակ անց, իրականացավ հիմնական նպատակը՝ «Ֆաստ կրեդիտը» ստացավ բանկային գործունեության լիցենզիա՝ դառնալով «Ֆաստ» բանկ։ Բանկային գործունեությունն արագ տեմպերով առաջ է գնում։
2017-ին «Ֆաստ կրեդիտների» մասով լիցենզիա է ստացվել նաև Մեծ Բրիտանիայում, այնտեղ նույնպես զարգանում է «Ֆաստ կրեդիտը»։
«Կովկաս» համալիրը
«Կովկաս» պանդոկից բացի, Աշտարակի մայրուղու վրա 2007-ին Բադալյանները սկսում են «Կովկաս» ռեստորանային-հյուրանոցային համալիրի շինարարությունը։
Vbet դոմեյնը
2004-2005-ին ձեռք բերվեց Vbet դոմեյնը։ Դա «Վիվառոյի» համար կարևորագույն քայլ էր։ Vbet․com բրենդի հիմնական հատկանիշը հեշտ հիշվելն է։ Մարդն ընդամենը մի տառ պետք է հիշի՝ «Վ» տառը․ bet․com-ը բոլորը գիտեին, այդ մեկ տառն էլ փոխակերպվում դառնում է հաղթանակ ցույց տվող նշան՝ V․ Վիկտորիա, հեշտանում է հիշելը։
Սկզբում տարբեր երկրների հետ աշխատել են B2C սկզբունքով՝ միջնորդավորված, սակայն, հաշվի առնելով հնարավոր խնդիրները, Վահե Բադալյանի առաջարկով 2011-ին հիմնել են ծրագրային ապահովման առաջին սեփական ընկերությունը՝ «Սոֆթկոնստրուկտը»՝ որպես իրավաբանական անձ, և «Բեթկոնստրուկտը»՝ վաճառքի բրենդը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնվող դարաշրջանում, հատկապես գեյմինգի համակարգում, այն շատ արագ զարգանում է։
Վիգեն Բադալյանի նախաձեռնությամբ ստեղծվում են սլոթ խաղեր՝ «Պասկալը», «Պոպոքը»։ «Բեթկոնստրուկտը» մի քանի տասնյակ երկրում մասնաճյուղեր ունի, աշխարհին հայտնի է իր որակյալ, արագ և շահավետ սպասարկմամբ։
Անքակտելի եռամիասնություն
Ամեն ինչ եղել է մեր երեքի աշխատանքի արդյունքը, շատ կարևորագույն պահ է սա․ առանց հորս չէր լինի այս ամենը, առանց ինձ էլ չէր լինի ու առանց Վիգենի էլ չէր լինի, հավասար երեքիս աշխատանքի արդյունքն է այս ամենը։
«Սոֆթկոնստրուկտը» մեծ սթարթափ է, այդպես էլ պետք է շարունակենք։ Դա գաղափարական պայքար է կառավարման մոդելում։ Պետք է հարմարվել ժամանակակից մեխանիզմներին հարափոխվող աշխարհում՝ մեր մենթալիտետը հաշվի առնելով, գործերի կառավարումը սերունդներին փոխանցելով։
Գործը․ վաստակած վստահություն
Բադալյան եղբայրները ժամանակակից մտածելակերպի նորարարներն են հայկական իրականությունում։ Նրանք հաղթում են, որովհետև գիտեն մոգականը՝ ազատությո՛ւն տալ մասնագետին, հանուն որի նա այնքան ամուր կկառչի գործից ու այնպես առաջ կտանի աշխատանքը, որ չի կարող անել ոչ մի այլ գործատուի հետ։ Նրանք կարծրատիպեր են կոտրել ու կոտրում, Բադալյաններին կարելի է ավանգարդիստներ համարել։
Բացի աշխատանքը, պարզապես անչափելի է ընկերության բարեգործությունն արվեստի, կրթության, պաշտպանության, սպորտի, սոցիալական և բազում այլ ոլորտներում։ Դա կոչվում է պետականամետ մտածելակերպ։ Կա նաև միջազգային ասպարեզը․ աշխարհը նրանց վստահում է, ու դա առավել քան արդարացված է։
Սա ընկերություն է, ուր որքան մեծանում է աշխատողների թիվը, այնքան ավելանում է ընտանեկան ջերմ մթնոլորտը, ու ընտանիքներ են կազմվում հենց այստեղ։ Դու քեզ պաշտպանված ես զգում, զարգանում ես և գիտես՝ շատ մեծ ընտանիքի կարևոր մասնիկ ես, քեզ համար տեղ կա։
Համաշխարհային ասպարեզում եզակի ընկերություն են ստեղծել այս մարդիկ իրենց կյանքով, ինտելեկտով, կրթությամբ, մարդկությամբ և աշխատանքով։ Ուշադիր ուսումնասիրե՛ք նրանց պատմածը, մտովի անցե՛ք նրանց ճանապարհը, և շատ բան նորովի կընկալեք ձե՛ր իսկ կյանքում ու կկարողանաք ավելի հեշտ հարթել ձեր ճանապարհի խոչընդոտները։
Բադալյան ընկերությունների խմբում աշխատելու համար կապ չունի տարիքը, սեռը, գույնը․ կարևորը գործի իմացությունն է։ Բացի աշխատավարձը, գնահատում են՝ ստեղծելով պայմաններ անվճար սովորելու, օտար լեզվի տիրապետելու, մարզվելու, պարելու, զվարճանալու համար։
«Սոֆթում» աշխատելն, իրոք, հաճելի է, սա ոչ միայն աշխատանք է, այլև կարգավիճակ։ Մարդիկ ձգտում են աշխատել հենց այստեղ։ Վեճե՞ր. լինում էլ են, հարթվում էլ են՝ ինչպես ընտանիքում։ Հարցրեք ցանկացած սոֆթեցու, կհաստատի։
Ամեն անգամ, երբ կտեսնեք մաջենթայի գույները ու Բադալյան եղբայրների ընկերության անունը կկարդաք տարբեր բրենդներում, հիշեք, որ այդ փայլը, շքեղությունն ու շռայլությունը չեն թափվել երկնքից, արարվել են հողի՛ վրա, հավաքվել են աշխատանքով, մտքի սլացքով, արդար մրցակցությամբ, համառ դիմակայմամբ, դժվարություններից չընկրկելով, մեծի ու փոքրի հանդեպ հարգանքը պահելով, նպատակները իրականություն դարձնելով։ Վայելեք նրանց կերտած փառքն ու գեղեցկությունը՝ հարգելով աշխատանքն ու պատասխանատու լինելով ձեր գործում։
Հիշեք բժշկին, որի համբավի հատիկը տարիներ առաջ դարձավ փրկօղակ օվկիանոսում՝ հնարավորություն տալով ձեզ այսօր ունենալ վաստակ և վայելք։ Մտածեք ուսուցչուհու մասին, որն ահը սրտում վազում էր փողոց՝ պատահական անցորդներից հետաքրքրվելու իր որդիների ողջ լինելու մասին, քանի որ նրանք ամենադժվար ժամանակներում վտանգելով իրենց կյանքը, ձեր այսօրվա բարեկեցության ու մասնագիտական աճի սերմերն էին ցանում։
Ընտանիքը մեծանում է, գործը շարունակվում է...